Մենք բոլորս մեծանում ենք Թումանյանով: Նա մեզ հետ է մեր ամենավաղ հասակից մինչև խոր ծերություն: Եվ հիրավի կենսական պահանջ էր մայրաքաղաքում ունենալ Ամենայն հայոց բանաստեղծի թանգարան: Դա այն միակ վայրն էր դառնալու, որտեղ հայ ժողովուրդը կարող էր լինել սիրելի պոետի տանը, շփվել նրա հետ, ընկալել նրա կենսական էներգիան:
Եվ այսպես, 1949 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Հայաստանի կառավարությունը, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում ընդունեց Երևանում թանգարան կառուցելու մասին:
1953 թ. ապրիլի 5-ից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 19000 ցուցանմուշ:
Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը ավելի քան 8000 գրքով: Գրողի, հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը (լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ) ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում, որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ:
Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թվում է, թե հիմա, ուր որ է` Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները` Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Բաշինջաղյանը, Իսահակյանը և կսկսվի բուռն ու իմաստուն զրույցը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության ժամանակ (Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Ալ. Բաժբեուկ-Մելիքյան ), նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ (Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ. Գրիգորյան և այլք): Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը:
Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է:
Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով:
Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
Թանգարանը ծավալում է բազմաբնույթ և ակտիվ գործունեություն՝ գրավիչ և հաճելի վայր մնալով թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ հայ և օտար ազգերի մշակութասեր հասարակության համար: Թանգարանում այցելուն կարող է վայելել նոր տեխնոլոգիաների կիրառման ինքնատիպ փորձեր՝ համադրված դասական ցուցադրության հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր, հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով հանդիպել անսպասելին ու լուսանկարվել, մասնակցել զանազան միջոցառումների, կրթական ծրագրերի, ցուցահանդեսների:
Թանգարանը զբաղվում է նաև բեղուն գիտական գործունեությամբ՝ ուսումնասիրելով և հրապարակելով Թումանյանի ընտանիքի՝ հատկապես զավակների արխիվները, Թումանյանին վերաբերող նոր նյութեր, կազմակերպելով մանկական գրականությանը և հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողովներ: