Նվիրված է բժիշկ Գրիգոր Սաղյանին (1880-1937): Վերջինս ժամանակին մերժել է Աղասի Խանջյանի ինքնասպանության սարքովի վարկածը, ինչի համար գնդակահարվել է: Թումանյանի կյանքի վերջին շրջանում Գ. Սաղյանը եղել է նրա մտերիմ բարեկամներից մեկը, որին նվիրված է նաև մի ուրիշ քառյակ («Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես»):
Ժամանակին չորրորդ տողի «ըսպասում» բառի կապակցությամբ բանավեճ է տեղի ունեցել Նվարդ Թումանյանի և գրականագետ Հովհ. Ղանալանյանի միջև (տե՛ս ԽԳ, 1938, №3-4, էջ 213 և ԳԹ, 1938, №27, №29 և №40): Ի վերջո, «ըսպանվում» և «ըսպառվում» բառերը մերժվել են և ինքնագրի հիման վրա ընդունվել է «ըսպասում» բառը:
Գրականագետ Սամվել Մուրադյանը հիշում է այդ առիթով լեզվաբան Էդ. Աղայանի պատմածը, թե ինչպես նա մի անգամ Ավ. Իսահակյանի մոտ արտասանել է այդ քառյակը` «Մեկն ապրում է, մյուսն սպանում» տարբերակով և լսել Իսահակյանի արձագանքը. «Թումանյանին սպանեցիր»:
* * *
― Էս է, որ կա... ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:
1922 թ. օգոստոսի 14