ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

 

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ  ԵՒ ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ


Հայ ժողովրդի պատմական ծանր և բացառիկ ճակատագիրը խորը հետք է թողել հայ գրողների, մշակույթի գործիչերի և ընդհանրապես մտավորականության կենսագրության վրա: Պատճառներից մեկը թերևս այն է, որ հայրենասիրությունը նրանց համար եղել է կենսակերպ: Հայոց մեծերն իրենց կենսագրության և ստեղծած արժեքների վրա կրում են հայրենի դժվարին պատմության կնիքը` սկսած Խորենացուց ու Եղիշեից, մինչև միջնադարյան տաղերգուներ, մինչև Աբովյան, Րաֆֆի և ուրիշներ: Սակայն այս ոսկեղենիկ շղթայում առանձնահատուկ է Հովհ. Թումանյանի զբաղեցրած տեղը` իր անձնական կյանքով և ստեղծագործությամբ: Եթե իրոք ժողովուրդը կարողանում էծնել այնպիսի բացառիկ զավակներ, ովքեր իրեց հարազատ ժողովրդի ճակատագրական, օրհասական պահերից դեռ շատ առաջ, միայն իրենց հայտնի եղանակներով` նյարդերով, արյունով, մաշկով և վերջապես հոգու աչքերով կարողանում են տեսնել արհավիրքը, ապա Թումանյանը մեկն էր այդ հազվագյու տեսանողներից, ամենատեսներից: Նա էր, որ դեռ 1913թ. գրում էր. «…թուրքերը հայկական հարցը վճռելու են բնաջնջումով և թուրքը նրան բաց պիտի թողնի միայն երջին շնչի հետ… Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:
Ապագա հանճարեղ բանաստեղծը դեռ վաղ պատանեկան տարիներից արդեն համակված էր ազգային վշտով և ազատագրական գաղափարներով: Այլապես ինչը պիտի ստիպեր ընդամենը 15 տարեկան պատանուն գրել այսպիսի տողեր.
Ինչու՞ ես տխուր
Թշվառ Հայաստան
Է՞ր է վիզդ ծուռ
Մայր իմ սիրեկան,
Խոցալից սրտով
Մայր իմ Հայաստան:
Թումանյանն ինքն ընտրեց իր ճանապարհը` ամբողջ ներաշխարհով, հոգով-սրտով կապվելով հարազատ ժողովրդի ճակատագրին, նրանից այլևս չբաժանվելու պայմանով: Եվ օրինաչափորեն էլ նրա ստեղծագործական ոգու բռնկումներն էլ համընկնում են հայ ժողովրդի ազգային կյանքի համեմատաբար բարենպաստ ժամանակներին: Սակայն, դժբախտաբար մեծ գրողը ստեղծագործական կյանքի ընթացքում երջանիկ շրջափուլեր քիչ է ունեցել: 1905-1907թթ. ռուսական հեղափոխության  հետևանքներից եղան հայ-թուրքական ընդհարումները: Եվ արդեն կյանքում առաջին, բայց ոչ վերջին անգամ, բանաստեղծը մասնակիցը և ազատամարտիկը եղավ իր պաշտելի ժողովրդի ճակատագրի տնօրինման սրբազան գործի: Նա գրիչը փոխարինեց ճերմակ դրոշակով` արյունալի ընդհարումներին վերջ դնելու առաքելությամբ:
1914թ., երբ պայթեց առաջին համաշխարհային պատերազմը, հայ ժողովրդին և նրա բանաստեղծ զավակին սպասում էին էլ ավելի զարհուրելի, դժոխային ժամանակներ: Թումանյանն այդ օրերին ընտանիքի, հարազատների և մտերիմների հետ գտնվում էր Ձաղվերում: Նա շուտափույթ վերադառնում է Թիֆլիս և անդամակցում 1914թ. հոկտեմբերին ստեղծված «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե»-ին: Եվ այսպես շարունակաբար Թումանյանը պիտի իրականացներ հայրենիքին ծառայելու իր առաքելությունը:
Հոգու ամենանուրբ և ամենասուրբ թելերով կապված լինելով իր ժողովրդին, բանաստեղծը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, որը դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը. Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. իրականացված Մեծ Եղեռնը: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնեց Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանին ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»: Այս ամենը մտովի պատկերացնելն անգամ այսօր սահմռկեցուցիչ է, իսկ ի՞նչ էր զգում բանաստեղծի հոգին… Կա մի հայտնի լուսանկար, որ ցուցադրվում է Թումանյանի թանգարանում` «Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու… Մեկնաբանություններն ավելորդ են:
Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:
Երեխաներից շատերը նրան հայրիկ էին անվանում: Թումանյանի գրառումներից. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են /թեև հագնված են, պատսպարված և կերակրված/ հայրիկ ես որբ եմ , նա հեր ունեմ, նա մեր» : «…Որ ասում էին նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում. –Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»
Շատ հուզիչ և ուշագրավ են Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. –Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը… Թումանյանը պատասխանում է.-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը:
Թումանյանը մեծ ջերմությամբ ու երախտագիտությամբ է մտաբերում, այդ մղձավանջային օրերին, անսահման անձնվիրությամբ որբախնամ գործին նվիրված հայ կանանց: «…Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից ու անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…»:
Այդ պահապան հրեշտակների թվում էր նաև Թումանյանի դուստրը` Նվարդը, որն արհամարհելով ամեն մի դժվարություն, կյանքին սպառնացող վտանգը /քիչ չէր գաղթականության մեջ մոլեգնող համաճարակային հիվանդություններից մահացող գթության քույրերի թիվը/ անձնվիրաբար ծառայում էր իր ժողովրդի փրկության գործին: Եղբորը` Արտիկին գրած նամակից. «Հայրիկն ու ես պատրաստվում ենք, հիմա գնալու ենք Երևան: Որբանոցի երեխաներից հարյուր քսանհինգ հոգի պիտի փոխադրել Երևան, քառասուներեք ծծկեր երեխա կա, պահող չկա: Գաղթականներն արդեն ցրվում են. որբերը նորից շատացել են…Ճեմարանը հիվանդանոց են դարձրել: Հայրիկը շատ գոհ է… հոգնել է, բայց գործը կիսատ թողնել չի կարող»:
Հայրենասեր բանաստեղծի զավակները միմյանց չէին զիջում իրենց նվիրվածությամբ ու հայրենիքի ճակատագրի մտահոգությամբ: Ավագ որդին` Մուշեղն էլ ահազանգում էր Իգդիրից, որտեղ ընթանում էին պատերազմական գործողություններ: Նա նամակներից մեկում գրում է, որ որբ հայ մանուկներին կազակներն իրենց մեջ էին բաժանում, և դա կարծես արդեն սովորական երևույթ էր դարձել: Նա սրտի ցավով գրում է. «…Երեխաներին որդեգրում են և ռուսացնում…Հայ ազգը ուրիշ տեսակ զոհաբերության առաջ է կանգնած, մի նոր տեսակի թալանի առաջ է կանգնած, երեխաների թալա~ն…»: Ամենայն Հայոց Բանաստեղծի զավակներն այլ կերպ մտածել ու գործել չէին կարող:
Էջմիածնի դժոխքում Թումանյանը դստեր հետ մնաց մոտ երկու ամիս: Նա շատ դժգոհ էր հոգևորականությունից և զանազան կոմիտեներից, որ չէին կարողանում արագ կազմակերպել աշխատանքներն ու ժամանակին օգնություն ցույց տալ գաղթականությանը: Այդ պատճառով էլ գրեթե ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ դժվարին գործը: Թե որքան  ծանր է եղել այդ օրերին Թումանյանի վիճակը, պատկերացում ենք կազմում Լեոյի գրառումներից. «Հովհ. Թումանյանը այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»:
Ազգի բանաստեղծը իրավունք չուներ գժվելու, որովհետև պիտի մի օր, անսահման երժանկությամբ արձանագրեր. «…Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, ոմանք զվարթ երգում են խմբով, կատակներ անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում: Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքով»:

 

 

 

 

 

ՏՈՀՄԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՎԱԿՆԵՐԸ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇՐՋԱՊԱՏԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ

»ԹՈՒՄԱՆՅԱՆԸ և ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ

 

 

 

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


©ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ