ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

 

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ.

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույնքաղաքի Սակրավորների ուսումնարանում:Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ.կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

 

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918թթ.

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել  Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

 

 

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938թթ.

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո  ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, /Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին/, նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

 

 

 

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939թթ.

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:

 

 

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968թթ.

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ

 

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին  տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

 

 

 

 

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957թթ.

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

 


 

 

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981թթ.

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:

 

 

 

 

 

 

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927թթ.

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:

 

 

 

 

 

 

 

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988թթ.

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

 

 

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989թթ.

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

 

 

 

 

 

 

ՏՈՀՄԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

»ԶԱՎԱԿՆԵՐԸ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇՐՋԱՊԱՏ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ և ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ


 

 

 

 

 


©ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Design by, 2009| XHTML | CSS