Մարտի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հիշատակի ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ և հումանիստ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին:
Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի ոգեկոչման հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը: Երկօրյա ծրագիրը իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, Գ. Լիոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ, օրհնությամբ և աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Միջոցառումներին մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, թումանյանագետների և արվեստագետների:
Մարտի 23-ին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։
Նույն օրը Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանում տեղի է ունեցել «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:
Բանաստեղծի երևանյան թանգարանի տնօրենը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Վրաստանի մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին փոխանցել է «Հովհ. Թումանյան -150» և «Շոթա Ռուսթավելի» հուշամեդալներ, իսկ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի տնօրինությանը՝ «Հովհաննես Թումանյան» կենսագրական երկլեզու պատկերագիրքը և «Շոթա Ռուսթավելի» հուշամեդալի՝ խորհրդանշական կրկնօրինակը:
Ցուցադրությանը ներկայացված են Թումանյանի ձեռագրեր, լուսանկարներ, բանաստեղծի անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, ընծայագրված վրաց բանաստեղծների կողմից Հովհ. Թումանյանին, ինչպես նաև «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ ամփոփվել էր բանաստեղծի սիրտը՝ մինչ հողին հանձնելը:
«Թումանյանը և Թիֆլիսը» ցուցահանդեսը Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում գործելու է մինչև ս.թ. ապրիլի 13-ը։