Մարտի 23-24
Տարիներ անց Թբիլիսի հրաշալի թանգարաններից մեկում՝ Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարանում, հնարավորություն է ստեղծում հանրության համար կրկին առնչվելու թումանյանական մասունքների՝ ձեռագրեր, լուսանկարներ, բանաստեղծի անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, և որ ամենակարևորն է ՝ «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ ամփոփվեց բանաստեղծի սիրտը՝ մինչ հողին հանձնելը:
Լոռվա բնաշխարհում ծնված հայ մեծ մտածող Հովհաննես Թումանյանը վաղ պատանեկան հասակից մինչ իր կյանքի վերջին օրերը ապրեց եւ ստեղծագործեց Թիֆլիս քաղաքում: Մշակութային այս խոշոր կենտրոնում էր, որ նա ծավալեց իր բազմաբեղուն գրական ու հանրային գործունեությունը՝ մշտապես ունենալով հումանիստ մտածողի լայն աշխարհընկալում: Այստեղ նա կազմեց իր ընտանիքն ու ընկերական լայն միջավայրը:
Վրաց ժողովրդի, նրա գրականության ու մշակույթի հանդեպ Թումանյանի հետաքրքրությունն ու հարգանքը, վրաց գրողների, արվեստի ու գիտության գործիչների կողմից փոխադարձ անկեղծ սիրո ու հարգանքի, բարոյական բարձր ըմբռնումների հուշագրությունն է «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի հիմքում:
Բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումներին՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գրական պոռթկումներ:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարանում /Վրաստան, ք. Թբիլիսի / Գ. Ճանտուրիայի 8/ մարտի 23-ին, ժամը 17.00-ին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչ ապրիլի 13-ը:
Մարտի 24-ին, ժամը 18.00-ին տեղի կունենա Հիշատակի համերգային երեկո՝ Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում /Գրիբոյեդովի 8/10/ , որտեղ ելույթ կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ԳԵՂԱՐԴ երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Միջոցառումները կազմակերպվում և իրականցվում են հետևյալ կառույցների համագործակցությամբ՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Վրաստանում Հայաստանի դեսպանություն
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ
Հովհ. Թումանյանի թանգարան /Երևան/
Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարան
«Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
«Հայարտուն» մշակութային կենտրոն
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ /Երևան/