Այս բանաստեղծության գրության մասին բանաստեղծի դասընկեր Ա. Աբովյանը գրում է. «Թումանյանը ականատես էր, թե ինչպես Ջալալօղլեցի առևտրականը խաբում էր ամենքին, ավելի ևս խեղճ գյուղացիներին, միամիտ զինվորներին, թե ինչպիսի ճարպկությամբ արշինը շրջելով կուլ էր տալիս վերշոկները, թե ինչպես գնելիս ծանր-ծանր, վաճառքի ժամանակ` թեթև-թեթև էր կշռում, թե ինչպես օղու և գինու չափերի (տրիցատկաների) ծավալը իջեցնում էր, հատակը մոմ ու ձութի շերտով պատելով, թե ինչպես փտած ու փչացած ապրանքը գյուղացու վզին էր փաթաթում և թե ինչպես ծաղրուծանակի առարկա էր դարձնում գյուղացուն:
Հազիվ 11 տարեկան լիներ Օհանեսը, երբ նա մեզ կարդաց իր ոտանավորը, ուր տալիս էր նկարագիրը կարճացած արշինի և մոմապատ տրիցատկայի»: Ինչպես նշված է հուշերի ծանոթագրության մեջ, հուշագիրը շփոթել է բանաստեղծության գրության ժամանակը: Թումանյանը այն գրել է 14 տարեկան հասակում:
Հայ վաճառական, հայ վաճառական,
Խաբիր ու զրկիր աղքատ եղբորդ,
Հարամ ռոճիկով լից քո գանձարան,
Ու միշտ կուշտ պահիր ուռած մեծ փորդ.
Քեզ ի՞նչ փույթ, ասա, թե ազգդ խեղճ է,
Շատ հարկավոր է թե նա չունի հաց,
Քեզ ի՞նչ փույթ, թե եղբայրդ մեղք է,
Միայն քո փորը լինի տկըզած.
1883 թ.
