Թումանյանների տասներորդ զավակ և Ավետիք Իսահակյանի սանիկ` Թամարը սովորել է Գայանյան դպրոցում, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետ, հետո տեղափոխվել Շինարարական ինստիտուտ` ձեռք բերելով ճարտարապետի մասնագիտություն: Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, մասնակցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի, կառավարության տան նախագծային աշխատանքներին: Հետագայում մտել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արվեստանոց: Եղել է Ճարտարապետների միության քարտուղար, Ճարտարապետական հիմնադրամի նախագահ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թամարը կորցրել է իր սիրած տղամարդուն և այլևս չի մտածել ընտանիք կազմելու մասին: Թամարը ղեկավարել է թանգարանը Աշխենից հետո 1966-1989 թթ.: Նրա տնօրինության տարիներին կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, ստեղծվել «Լոռվա ձոր» համայնապատկերը, տոնվել Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թամարը մտահղացել և ի կատար է ածել թանգարանի մի անկյունում Վերնատունը վերականգնելու գաղափարը: Դա 1985 թվականն էր:
