Հովհաննես Թումանյանի առաջին կենսագիրը եղել է բանաստեղծն ինքը: Տասնութամյա հասակում նա ձեռնարկել է գրելու իր նախնիների պատմությունը՝ խորագրելով «Գործք հարանց»: 90-ական թվականներին փորձել է կազմել տոհմի ճյուղագրությունը, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսի համար շարադրել համառոտ կենսագրության սկիզբը: Ծավալուն ինքնակենսագրություն ստեղծելու միտքը նրան զբաղեցրել է կյանքի վերջին տարիներին: Ըստ Նվարդ և Համլիկ Թումանյանների հուշերի՝ հայրիկը մտադիր է եղել գրելու ինքնակենսագրություն երկու հատորով:
Այդ ժամանակ է, որ կազմել է ինքնակենսագրության նախագիծը՝ բաժանելով տասը շրջանների, գրի է առել մանկության և պատանեկության տարիների տպավորությունները, դեպքերն ու դեմքերը:
Բանաստեղծի այդ մտադրությունը, ի թիվս նրա ստեղծագործական այլ մտահղացումների՝ չիրականացավ…
Թումանյանը պատկանում է այն հանճարեղ արվեստագետների շարքին, որոնց մեծության ու հմայքի ուժը մարդու և բանաստեղծի միասնականության մեջ է, նրանց կյանքի և ստեղծագործության ներդաշնակ ամբողջականության մեջ: