Գիրքը համամարդկային արժեք է, և այդ արժեքը կրողներից մեկն է Հովհ. Թումանյանը` մեծ հեղինակն ու ընթերցողը: Խորհրդանշական է, որ նրա նրբաճաշակ իրերի հարուստ հավաքածուն համալրված է նաև գրատպության գյուտարար Գուտենբերգի բրոնզե արձանիկով:
Յոհաննես Գուտենբերգ` գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար: Ավարտել է Էրֆրուտի (Գերմանիա) համալսարանը:
Երկար ժամանակ ապրել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, որտեղ 1440-ական թվականներին ստեղծել է շարժական տպագրատառերով (լիտերա) հաստոցը: Գուտենբերգի այս գյուտը համարվում է մարդկության կարևորագույն հայտնագործություններից մեկը. Եվրոպայում դրվեց ժամանակակից տպագրության հիմքը, իսկ Ստրասբուրգը 200 տարի շարունակ մնաց գրատպության մայրաքաղաքը, ինչը խորապես նպաստեց քաղաքի զարգացմանը:
Տպագրության գյուտը հնարավորություն տվեց Գուտենբերգին իրականացնել իր վաղեմի երազանքը. 1452-1454 թթ նա լատիներենով հրատարակեց առաջին տպագիր Աստվածաշունչը: Այն հայտնի է նաև որպես «42 տողանի Աստվածաշունչ»:
Մեծ գյուտարարի հիշատակը հավերժացնող արձաններ են կանգնեցված նրա ծննդավայր Մայնցում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և այլուր:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում 1840 թվականին` գրատպության 400-ամյակի առթիվ, երախտապարտ քաղաքացիների աջակցությամբ կառուցվեց Յոհաննես Գուտենբերգի բրոնզե արձանը: Այս հոյակերտ կոթողի հեղինակն է ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դավիթ դ' Անժեն: Հետաքրքրական է, որ Գուտենբերգի պատկերը քանդակագործի երևակայության արդյունքն է (գյուտարարի արտաքին կերպարի վերաբերյալ տեղեկություններ կամ նկարներ չեն պահպանվել, կամ էլ պարզապես չեն եղել): Արձանը գտնվում է Գուտենբերգի հրապարակում, որը նախկինում կոչվել է Կանաչ շուկայի հրապարակ (Place du Marche՛-aux-Herbes):
Թումանյանի անձնական հավաքածուի արձանիկը դ'Անժեի կերտած արձանի փոքր չափսերի կրկնօրինակն է: Պատրաստված է մուգ երանգի բրոնզից: Արձանիկի հիմքը ուղղանկյուն սնամեջ պատվանդանն է, որի վրա կանգնած է Գուտենբերգը՝ հասակով մեկ, երկար մորուքով ու միջին երկարության մազերով: Հագին մորթե օձիքով ծալքերով երկար թիկնոց է, գլխին կլոր սրածայր գլխարկ է՝ նույնպես մորթով եզերված: Շրջազգեստի աջ թևքի կտրվածքից երևում է ձեռքը, թևքերի ներքևի մասը կոճկված են երեք կլոր ճարմանդների միջոցով: Ձախ ոտքը առաջ է բերված, ոտքին՝ երկարաճիտ, սուր քթով ու ճարմանդով կոշիկ: Ձեռքերում պահում է իր տպագրած Ավետարանի առաջին թերթը, որի վրա ֆրանսերեն լեզվով փորագրված է`«Et la lumie՛re fut - Եղիցի լույս...»:
Ձախ կողմում տպագրահաստոցն է՝ պայտանման, կենտրոնում հորիզոնական դիրքով տափակ ձող է ամրացված, իսկ ձողի միջով հաստոցի երկայնքով մեկ անցնում է կլոր գլխիկով պտուտակը: Հաստոցի մոտ դրված է մամլիչի նման կլոր դետալ:
Արձանիկը և բոլոր մյուս դետալները ամրացված են պատվանդանին 11 պտուտակով:
Արձանիկի բարձրությունը 39 սմ, պատվանդանի լայնքը 17 սմ, երկարությունը 19 սմ:
Արձանիկի վրա որևէ մակնշում չկա, այդ պատճառով հնարավոր չէ որոշել, թե երբ և ում կողմից է պատրաստաված: Ենթադրաբար, հեղինակն է նույն Դավիթ դ'Անժեն, իսկ ժամանակն ու վայրը` 1840 թ., Ստրասբուրգ:
Իրը թանգարանին է նվիրաբերել Հովհ. Թումանյանի ընտանիքը` ակտ N147, 22 դեկտեմբերի 1971 թ: Այն ցուցադրվում է բանաստեղծի երևանյան թանգարանի անձնական գրադարանի սրահում` հարուստ ու բազմաբնույթ գրքային հավաքածուի հետ մեկտեղ: