Ինչպես շատ ազգերի, այնպես էլ հայերի համար սուրճը դադարել է լինել սոսկ ըմպելիք, իսկ սրճարանը՝ այդ ըմպելիքը խմելու վայր։ Այն մեզ համար դարձել է ապրելակերպ, կյանքի մի յուրահատուկ ոճ՝ իր կանոններով և հոգեբանությամբ։ Սուրճի մշակույթի հետագիծը հայոց մեջ դարերի պատմություն ունի, որն իր արտահայտությունը գտել է ոչ միայն կենցաղում, այլև մշակույթի տարբեր ճյուղերում:
• 2021 թ. հունիս ամսից մինչև 2022 թ . հունիս ամիսը` ավելի քան տասը ամիս Հովհ. Թումանյանի թանգարանը դառնալու է մշակութային հարթակ խոսելու սուրճի, դրա պատմության, կիրառման, համի ու բույրի ուսումնասիրման, կերպարվեստում, կինոյում, երաժշտության մեջ և հայ մեծերի կենցաղում սուրճի կարևորության, նրանց բացառիկ բաղադրատոմսերի մասին: Ամենատարբեր մասնագիտությամբ մարդիկ խոսելու են սուրճի և 1930-ական թվականներից սկսած Երևանում բացված սրճարանների անցուդարձի և սրճարանային մշակույթի մասին: Հունիս ամսից յուրաքանչյուր ուրբաթ, երեկոյան 19.30 հանդիպում-զրույցների և համտեսի ժամ թանգարանի Ամառային այգում:
• Ամփոփիչ ակորդային բաժինը հայաստանյան ավելի քան տասնհինգ թանգարանների բացառիկ նմուշների ցուցահանդեսն է` նախատեսված 2022 թ.:
• Նյութի ուսումնասիրման և հանրայնացման մյուս կարևորագույն ամփոփ աղբյուրը գիտահանրամատչելի պատկերագրքի հրատարակումն է։ Երկլեզու պատկերագիրքը եզակի է իր բնույթով։ Առաջին անգամ պատկերավոր ներկայացվելու է սուրճի աշխարհում հայկական հետքը՝ այդ թվում՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում՝ սկսած 17-րդ դարից։
ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ