Հյուրասենյակը հարմարավետ է և նրբաոճ: Այստեղ երեկոյան հավաքվում էին Թումանյանի մտերիմները, հարազատները, ժամանակի մեծանուն մարդիկ և գեղեցիկ հավաքույթներ ու գրական ընթերցումներ անց կացնում: Բոլորի համար էլ ցանկալի էր լինել այստեղ. դրան նպաստում էին ոչ միայ հյուրընկալ և բարեհամբույր տանտերերը, այլև կահավորանքը, երաժշտության առկայությունը, արվեստի գործերը, գրքերի առատությունը: Այս ամենը ստեղծում էր տրամադրող ու հաճելի միջավայր: Դաշնամուրը, որը գնել էր դստեր` Անուշի համար, նվագել են հայ անվանի երգահաններ Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Մուշեղ Աղայանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Անտոն Մայիլյանը, Սերգեյ Բարխուդարյանը: Պատերին Գևորգ Բաշինջաղյանի «Անձրևոտ օր», «Ձմռան իրիկունը Մանգլիսում» կտավներն են: Շոթա Ռուսթավելու կիսանդրին Թումանյանին է նվիրել հեղինակը` Յակով Նիկոլաձեն: Սենյակում առկա են արվեստի այլ նմուշներ ևս: