Թումանյանը քեֆ սիրող մարդ էր` քեֆի ու հանճարի «զարմանալի զուգորդում էր»,–ասել են նրա մասին: «Նրա քեֆը գործ էր »,– հիշում է նրա դուստրը: Սեղանատան շքեղ և և ճաշակով բացված հսկա սեղանը` 12 հոգու` տասը զավակների ու տեր և տիկին Թումանյանների համար, ճենապակյա շքեղ սպասքովը, շատ բան է պատմում Թումանյանի մասին: Բանաստեղծն առաջնորդվում էր անգլիական ասացվածքով. «Ես այնքան հարուստ չեմ, որ էժանագին իր ձեռք բերեմ»: Մեծ սեղանի շուրջ դասավորված աթոռները միանման են՝ բացառությամբ մեկի: Դա տանտիրոջ աթոռն էր` սեղանի գլխին: Աթոռը զիջում էր միայն իր ամենամտերիմ ընկերոջը` Ղազարոս Աղայանին: Թումանյանների տունը միշտ լեցուն էր հյուրերով, և խնջույքներն այստեղ անպակաս էին: Ժամանակակիցների հուշերում մնացել են Թումանյանի անզուգական կենացներն ու բաժակաճառերը, նաև երգեցողությունը: «Ամենայն հայոց բանաստեղծ», «Ամենայն հայոց որբերի հայրիկ» կոչմանն ավելացել է նաև «Ամենայն հայոց թամադա» կոչումը:
Մեծանուն հյուրերի կողքին նստում էին երեխաները, որոնց բանաստեղծը հորդորում էր . «Նստեք ու լսեք իմ հյուրերին, կարդացեք գրադարանիս գրքրեը: Մեր տունը ձեզ համալսարան»: Պատերին էլ ժամանակ առ ժամանակ փակցնում էր ասույթներ՝ երեխաների դաստիարակաթյան համար:
Սենյակում տեղադրված է սպիտակ սառցարանը, որում չոր սառույցի միջոցով մթերք են պահել: