1985 թ. հոկտեմբերի 25-ին բանաստեղծի կրտսեր դստեր՝ Թամար Թումանյանի ջանքերով բացվեց թանգարանի «Վերնատուն» հուշասենյակը, որը խորհրդանշում է Թումանյանի կյանքի շատ կարևոր և նվիրական մի ժամանակաշրջան:
Արվեստի, մշակույթի և գրականության միջավայրում Թումանյանը կենտրոնական ու կենտրոնաձիգ դեմքերից մեկն էր: Նրա շուրջն էին հավաքվում ժամանակի բոլոր նշանավոր մարդիկ: Ոչ այլուր, քան Թումանյանի տանն են հանդիպել Աղայանն ու Պռոշյանը, Դեմիրճյանն ու Շանթը, Կոմիտասն ու Փափազյանը և այլ հայտնի գործիչներ: 1899 թ. Բեհբության 50 հասցեի վերին հարկում գտնվող բնակարանում Թումանյան, Աղայան, Իսահակյան, Դեմիրճյան, Աղբալյան, Շանթ վեցյակը, յուրաքանչյուրն իր անհատականությամբ լրացնելով միմյանց, ամեն մեկն իր բնաշխարհի գույներով, մտածողության յուրահատկություններով, իրենց անկրկնելի բնավորությամբ ու նկարագրով ստեղծեցին «Վերնատունը», և այն դարձավ մտքի խնջույքի և առհասարակ խնջույքի տուն, «վանք», ինչպես ասել է Դեմիրճյանը:
Վերնատան հավաքները տեղի էին ունենում յուրաքանչյուր հինգշաբթի: Վերնականներից բացի հավաքներին ներկա էին լինում այլ գրողներ, արվեստի, մշակույթի և հասարակական գործիչներ: Վերնատան հավաքույթներն ունեին նաև երկրորդ մաս՝ ուրախ ժամանց, թեյ, ընթրիք, երգ, զվարճալի ու սրամիտ իրական պատմություններ գրողների կյանքից: