1903-04 թթ. Թումանյանը, լինելով արդեն մեծ հեղինակություն վայելող գրող, ընկերներ ու բարեկամներ ուներ գրեթե բոլոր կուսակցություններում ու խմբակցություններում: Իսկ այդ շրջանում ցարական կառավարության պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունը մեծապես բևեռված էր նրանց գործունեության վրա: Դա պատճառ էր, որ շարունակվեր գրողի նկատմամբ քաղաքական հետապնդումը:
1905թ. փետրվարին, երբ սկսվում են հայ-թուրքական ընդհարումները բանաստեղծն ամբողջ եռանդով ու նվիրվածությամբ ստանձնում է հայ ժողովրդի փրկության գործը: Մտավորականների որոշմամբ տեղի էին ունենում բազմամարդ ցույցեր, որոնց նպատակն էր ոչ միայն դադարեցնել արյունահեղությունը և հաշտեցնել հարևան ժողովուրդներին, այլև ընդգծել իրենց հստակ դիրքորոշումը ցարական կառավարության նկատմամբ՝ որպես ջարդերի կազմակերպչի: Դրանց նախապատրաստական աշխատանքներին եռանդուն մասնակցություն էր ունենում նաև Թումանյանը: Շուտով բանաստեղծի անունը հայտնվում է Թիֆլիսի ժանդարմական վարչության գործակալների հսկողության տակ գտնվող 61 հեղափոխականների ցուցակում:
Իսկ 1905թ.նոյեմբերից նոր թափով ազգամիջյան սուր բախումներ են սկսվում Թիֆլիսում: Բորչալուի թուրքերը հարձակվում են Թիֆլիսի հայերի վրա: Միևնույն ժամանակ տարերայնորեն սկսվում են նաև բանվորական գործադուլներ: Թումանյանը ընտանիքով մեկնում է հայրենի Դսեղ և փորձում կազմակերպել Լոռու ինքնապաշտպանությունը: Սակայն իր կյանքը փրկելու համար զենք վերցրած գյուղացին կամ նրան առաջնորդող հաշտության դրոշակակիր բանաստեղծը ցարական ժանդարմերիայի աչքում համարվում էին «հեղափոխական տեռորիստներ», իսկ ինքնապաշտպանությունը՝ «տեռոր» թուրքերի դեմ:
Այդ շրջանում գրած նամակներից մեկում բանաստեղծը ցավով նկատում է. «… մենք այդ երկու ամսում դարեր ապրեցինք, Չինգիզ խանի և Լենկ Թեմուրի դարերը: Նրանց անօրինությունները տեսանք XX դարում և օգնություն խնդրեցինք… թանձր, բարբարոսական խավար և լիրբ մեքենայություններ, և մենք, որպես աստվածային մի ծանր պատիժ, ստիպված ենք տանելու, համբուրելու, եղբայր անվանելու: Մեր արյունոտ անցյալը, մեր տանջալի ներկան, մեր անհույս ապագան ծանր քարերի նման պառկում են սրտիս: Ափսոսում եմ մեզ»: /Ա. Զարգարյանին, ԵԼԺ 10, 7-9/:
Ազգամիջյան ընդհարումների ժամանակ Թումանյանը անվախ շրջում էր թշնամիների բնակավայրերում (բինաներում)՝ ծածանելով խաղաղության սպիտակ դրոշը: «Նա արիասիրտ լեռնցի էր, զուսպ ու զգուշավոր և դեմ՝ ամեն տեսակի արյունահեղության՝ իբրև մարդ: Նրա մեջ զարթնել և խոսել էր լոռեցու հարևանական զգացմունքը թուրքերի հանդեպ…նա կատարելապես համոզված էր, որ կարելի էր թուրք ժողովրդի հետ լեզու գտնել, և նա գտավ այդ լեզուն ՝ հատուկ թումանյանական « ոճով»…» (Դ. Դեմիրճյան):
Այդ ժամանակ բանաստեղծը գրում և տարածում է իր հայտնի «Լոռեցիների կոչը». «Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե ուժեղ ենք - անիրավություն է, եթե թույլ ենք - հիմարություն է:
Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն - դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղություն: Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը:
Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա-կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, և եթե այդ անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ ու անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա»:
Թուրքերը մեծ պատկառանքով էին վերաբերվում բանաստեղծին, հավատում նրա կոչերին: Նրանց համար Թումանյանը «երկնքից ուղարկված հաշտարար հրեշտակ էր, մեծ խաղաղարար»:
Բանաստեղծի ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Շատ գյուղերում, բնակավայրերում կանխվում են արյունահեղությունները, դադարում բախումները, կնքվում՝ բաղձալի հաշտություն: «…Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից»,- այսպիսի գնահատական է տալիս Թումանյանը իր գործին:
Չնայած ստեղծված բավական ծանր քաղաքական և հասարակական իրավիճակին, գրողը և´ ստեղծագործում է, և´ ժամանակ է գտնում մասնակցելու նաև մշակութային կյանքին: 1905թ. գարնանը ներկա է լինում Կոմիտասի՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներից կազմված երգչախմբի համերգին: Հատկապես ցնցող տպավորություն է թողնում «Անտունին»՝ Կոմիտասի կատարմամբ: Թումանյանը գրկում է Կոմիտասին և հուզված ասում. «Անզուգական էր, հիանալի. հիմա եմ զգում, որ մեր հայ ժողովուրդը և նրա երգը կապրի դարեր ու չի կորչի: Դուք չտեսնված, չլսված մեծ գործ կատարեցիք»:
1905թ.-ից խմբագիր-հրատարակիչներ Ստեփան և Կատարինե Լիսիցյանների կողմից Թիֆլիսում սկսում է լույս տեսնել «Հասկեր» մանկական պատկերազարդ ամսագիրը, որտեղ պարբերաբար տպագրվում են Թումանյանի ստեղծագործություններից: Այդտեղ տարբեր տարիներին ընդգրկվել են գրողի գործերից («Աղվեսը», «Կաքավի գովքը», «Առավոտ», «Կալի երգը» և այլն):
Մտահոգված լինելով նոր դասագիրք ունենալու անհրաժեշտությամբ, հատկապես տարրական դասարանների համար, Ստ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան, Լ. Շանթ և Վրթ. Ախիկյան - խմբագրական կազմը ձեռնամուխ է լինում «Լուսաբեր»-ի ստեղծման աշխատանքներին: 1907 թ.-ից սկսվում է դասագրքի հրատարակումը: Թումանյանի շատ գործեր տեղ են գտնում «Լուսաբեր»-ի էջերում («Աշնան վերջը», «Կույր աշուղը», «Ամպն ու սարը», «Լուսաբացին», «Կանաչ ախպեր» և այլն):
Թումանյանի խաղաղասիրական անձնվեր գործունեությունը և այդ առումով ունեցած մեծ հաջողությունը չի վրիպում ցարական կառավարության աչքից, որին էլ հետևում է «բարձր իշխանության» արձագանքը. բանաստեղծը մի շարք մտավորականների հետ, հանիրավի, մեղադրվում է «ազգայնականության» մեջ և 1908 թ. դեկտեմբերին հայտնվում Մետեխի բանտում:
