Ռուս բանաստեղծ Ս. Յա. Նադսոնի (1862-1887) պոեզիան արտահայտել է նարոդնիկության ճգնաժամի շրջանի առաջադեմ երիտասարդության տրամադրությունները: 1885 թ. հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուն որոշակի ազդեցություն է գործել ժամանակի երիտասարդ, այդ թվում նաև հայ բանաստեղծների վրա: Թումանյանի այս ոտանավորը ևս, ինչպես երևում է նաև վերնագրից, կրում է այդ ազդեցությունը:
A la՛ նշանակում է՝ հետևողությամբ, նմանությամբ, որով Թումանյանն ինքը ևս նշում է, որ այս բանաստեղծությունը կրում է Նադսոնի ազդեցությունը:
Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ.
Եվ դուն չես կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությունն հերքես։
1890 թ. մայիսի 7
