Հիմքում ընկած է միջնադարյան մի ավանդություն, որը հիշատակվում է` Ղազար Ջահկեցի, Գիրք աստուածաբանական, որ կոչի դրախտ ցանկալի:
Թումանյանն ավելի շատ օգտվել է Չամչյանի գրքից, սակայն նկատի է ունեցել նաև Ա. ֆոն Հաքստհաուզենի գրի առած տարբերակը, քանի որ միայն այստեղ է հիշատակվում Սևանա լիճը, իբրև այն վայրը, որտեղ կատարվել են դեպքերը:
Սկզբնաղբյուրներում աղավնի դարձած գերիները գետի մյուս ափին վերստանում են իրենց մարդկային կերպարանքը, իսկ Թումանյանի երկում գերի-աղավնիները իրենց երազած ազատությունը գտնում են բնության մեջ` բաց երկնքում:
Հայր Հովհանի կերպարը հարազատ է եղել Թումանյանին իր անձնազոհ ժողովրդանվեր արարքով. մեծ բանաստեղծն ինքը ևս տոգորված է եղել մայր ժողովրդին ծառայելու առաքելության նույն գիտակցությամբ: Բանաստեղծի դուստրը` Նվարդ Թումանյանը, հորը Հայր Հովհանի հետ է համեմատում հետևյալ հայտնի և ցնցող դրվագում.
«Օգոստոսի 19-ի գիշերն էր, Արարատյան դաշտի անմոռանալի, ծանր գիշերը...
Փոթորիկ, կայծակ, որոտ... Երկինքը հանկարծ մթնեց, սևակնեց, սև մութ ամպերով ծածկվեց ու սկսվեց հորդ անձրևը: Գաղթականությունը բաց երկնքի տակ էր:
Հայրիկը սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ իր սենյակից` գաղթականությանը շենքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ուներ վեհարանի նոր, կիսավարտ շենքը, որ կաթողիկոսը մերժել էր գաղթականությանը հատկացնել: Հայրիկը զայրացած էր: Հակառակ կաթողիկոսի արգելքին, նա գաղթականությանը տարավ դեպի նոր վեհարանի շենքը:
Ուսանողները` Լևոն Լիսիցյանը, Լյալյա Աճեմյանը, Ալեքսանդր Բար-խուդարյանը, ջահերով (երկար փայտե ձողերի ծայրերին աթար էին ամրացրել, վրան նավթ ածել ու վառել) գնում էին հայրիկի երկու կողմից և լուսավորում էին նրա ճանապարհը:
Հայրիկը, թիկնոցի մեջ փաթաթված, տեղատարափ անձրևի տակ առաջ էր գնում, նրան հետևում էր հազարավոր գաղթականությունը` իրենց կապոցներով, երեխաներով` նույնիսկ հարազատների դիակներով… Սարսափելի տեսարան էր…
Այդ միջոցին հայրիկը հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին»:
(Ազգային ավանդություն)
Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,
Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն Աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
1912 թ.
