Տիգրան Փիրումյանն իր հուշերում գրում է ԲՄ I-ում տպագրված 13 բանաստեղծությունների մասին, որոնց մտահղացման ու գրության հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ իմացել է երիտասարդ Թումանյանի հետ իրենց առաջին հանդիպման ժամանակ: Ըստ այդ տեղեկությունների, որ հուշագիրը գրի է առել իր հուշատետրում` «Աղոթք» բանաստեղծության մտահղացման համար առիթ է ծառայել մի քահանայի «փող է հարկավոր, փող, դուն փող ասա» բացականչությունը, որ բանաստեղծը պատահաբար լսել է փողոցում:
Ըստ Արամ Առաքելյանի հուշերի` ինքնագիրը եղել է «գրելու թղթի թերթերից կարած» այն տետրում, որ 1888 թ. Թումանյանը ցույց է տվել Ներսիսյան դպրոցի բարձր դասարանցի ընկերներին` Դավիթ Շահլամյանին, Գրիգոր Վանցյանին, Արամ Առաքելյանին և Արսեն Ղլտճյանին:
Սողոմոնի պես, տեր,
Ես խելք չեմ ուզում,
Ինձ երկար օրեր
Եվ փող տուր բազում։
Մի ձեռք էլ շոր,
Միայն մոդնի, տեր,
Մին էլ մի հաստ փոր,
Տրոստ, ակնոցներ։
Եվ բավական է,
Դու վերեն դիտե,
Թե ինչեր կանե,
Այդ ծառադ գիտե...
1887 թ.
