— Այժմ ի՞նչ պետք է անենք Խ. Աբովյանի արձանի համար, երբ միայն 200 ռ. ունենք 18,000-ի փոխարեն,— հարցրի Կուլտուրական միության պ. նախագահին։
— Երեկույթներ պետք է սարքենք, հարուստներին պետք է դիմենք, ուրիշ ի՞նչ անենք,— պատասխանեց նա։
Ու սիրտս մի երկյուղ ընկավ։ Ուրեմն կարող է պատահել, որ այս ճանապարհով կանգնի Խ. Աբովյանի արձանը, երևի վրեն էլ գրած «Հայ ազգը—իր մեծ զավակին»։
Ո՛չ, այդ անկարելի է, այդպես չպետք է լինի։ Հայ ժողովուրդը, ինչքան էլ անտարբեր ասենք, ինչքան էլ հոգնած ու աղքատ, թույլ չի տալ և թույլ չպետք է տա, որ այդպես լինի։ Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ Արարատի սրբազան դաշտում սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ։
Պետք է կանգնի հավիտյան ու անլռելի պատմի աշխարհքին հայի տանջանքն ու տենչանքը։ Սրա նման մի կոթող էլ կա, որ թերևս մի օր հայությունը կբարձրացնի Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի, «ի խորոց սրտի» աստուծո հետ խոսի ու դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի»...
Ընթերցել ամբողջությամբ →
