Արձագանք տալով պ. Ղ. Աղայանի երեկվա «Հորիզոնում» հայ հեղինակներին արած կոչին, գալիս եմ դատապարտելու Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության խմբ<ագրական> մասնաժողովի ուղղագրական որոշումը։
Հրատարակչական ընկերություններն ու նրանց մասնաժողովները պետք է ճանաչեն ու հարգեն հեղինակի ամեն տեսակի ազատությունը, նրա հետ և ուղղագրական, եթե այդ պահանջում է նա։ Խոսքը, իհարկե, ընդունված ուղղագրությունների մասին է։ Հրատ<արակչական> ընկերությունները հեղինակից վճարով գնում են նրա գրվածքի տպագրության ու վաճառման իրավունքը, իսկ գրելու ձևը, ոճը, ուղղագրությունը, կետադրությունը մնում են հեղինակի անվաճառելի սեփականությունը։ Եթե մի որևէ փոփոխություն մտցնելու է դրանց մեջ — միմիայն հեղինակի համաձայնությամբ։
Էլի կհասկանայինք հրատ<արակչական> ընկ<երության> պահանջը, եթե նա հրատարակելու լիներ մի օրգան, մի օրաթերթ, մի ամսագիր կամ ժողովածու, բայց նա հրատարակելու է մեկը մյուսից անջատ, առանձին-առանձին գրքեր։ Ինչ միտք ունի նրա այդ պահանջն այս դեպքում։ Եթե այն, որ ուզում է միօրինակ ուղղագրություն մտցնի հայոց գրականության մեջ, ապա թող գիտենա, որ այդ չի կարող անել այս կամ այն, պատահմունքով ընտրված, մասնաժողովը, այն էլ փողի ճնշումով, գրվածքի ներքին արժանիքից անկախ՝ ուղղագրության համար մերժելու սպառնալիքով։ Դա միայն մի հետևանք կունենա, որ առանց այն էլ գրվածք չստացող ընկերությունը ավելի կվնասի իրեն։
Տարօրինակ է այդ որոշման մեջ մանավանդ պ. Ստ. Մալխասյանի վարմունքը։ Նա, որ երեկ չէ առաջին օրը «Մշակի» № 257-ում իրեն «Արորից» ու Հ. Առաքելյանից խռոված հայտարարեց՝ իր վ-ի ազատագրության պատճառով, և նույնիսկ միևնույն օրգանի մեջ ստիպեց մտցնել տարբեր ուղղագրություններ, այսօր հրատ<արակչական> ընկ<երության> մեջ ուրիշների համար անում է այս` միանգամայն հակառակ և անարդար որոշումը։
