Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։
Նազիր-վեզիրը գնում են, խլում, բերում։
Աքլորը կանչում է․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է․
— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…
Նազիր-վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց…
Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։
Ընթերցել ամբողջությամբ →
