(«Լսի՛ր, սիրտս երգ է ասում...»)
(էջ 198) (ԵԼԺ 1, էջ 180)
Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Փ. Վարդազարյանի «Ես ու իմ սիրտը» ոտանավորը կարդալուց հետո: «Քո նյութը կարդալուն պես,- գրում է նա Փ. Վարդազարյանին հղած նամակում,- թեև ոչ ուղղակի նյութդ, բայց էլի սրտի աշխարհից գրեցի այս երկու տունը»: Նույն տեղում տալիս է նաև բացատրություն չորրորդ տողի մասին. «Առաջին տան չորրորդ տողը գուցե մութն է. միտքս այն է, թե – (ափսոսում է) ինչ որ ( ուզում էր ու) չի պատահել, չի եղել – չկար, և ինչ որ եղել է, անցել է – կար»:
Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում,
Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար,
Լաց է լինում ու ափսոսում
Ինչ որ չըկար... ինչ որ կար...
Ափսոսում է ինքը իրան,
Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր...
Ափսո՜ս, որ չես լըսում նըրան –
Իմ սև սըրտին սըգավոր։
1899 թ., սեպտեմբեր
