Գրության թվականն ստույգ հայտնի չէ:
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ Թֆ №1794-ում պահվում է 1908 թ. Լ II-ի օրինակը, որտեղ, ըստ երևույթին ցանկանալով փոխել բանաստեղծության վերնագիրը, Թումանյանը լուսանցքում գրել է` «? Արեգակ»:
Առաջին անգամ տպագրվել է` Հսկ, 1907, №12, էջ 405, այնուհետև` Լ II, 1908, էջ 3 և Լ II, 1909, էջ 3: Վերջինիս մեջ բանաստեղծը կրճատել է 9-12-րդ տողերը: Ապա տպագրվել է ԵԺ I, 222:
Արտատպվում է Հսկ-ից, քանի որ Լ II-ի բնագիրը հարմարեցված է դասագրքի պահանջներին:
Հավը խոսեց երեք բերան.
– Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։
Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։
Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։
1907 թ.
