Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտագործել է ավանդության Լոռու տարբերակը, որ նրան հայտնի է դարձել բանավոր աղբյուրներից. «Այս ավանդությունը Լոռի են պատմում»: 1916 թ. օգոստոսի 24-ին Թումանյանի` Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում կարդում ենք. «Արև ու Լուսինը» իմ առաջին գրվածքը չի նույնիսկ տպածների մեջ: Տպածների մեջ ամենից հինը «Շունն ու Կատուն» է: «Արև ու Լուսինից» առաջ են գրված «Գութանի երգը» և «Մարոն» և էլ չգիտեմ որը: «Արև ու Լուսինն» էլ էս վերջիններիս շրջանում գրած բան է: Լավ եմ հիշում, 1887 թվականի ամառը (կարծեմ օգոստոսին) արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին: Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու Լուսինը» գրեցի...»:
Առաջին տպագրության մասին 1890 թ. հուլիսի 29-ին Ան. Աբովյանին հղած նամակում Թումանյանը գրում է, թե «Արև ու Լուսինը» Ղ. Աղայանի խորհրդով հավանաբար կհանձնի «Աղբյուրին». «Կարդացինք և «Արև ու Լուսինը», որին անխոս շատ հավանեցին, և ըքեց (Ղ. Աղայանը.– խմբ.), որ անպատճառ գրեմ տանեմ «Աղբյուր-Տարազովիչի» խմբագրություն: Ես ասացի արդեն ուշ է, նա կրկին պահանջեց, գուցե և տանեմ...»:
Այս ավանդությունը Թումանյանը մշակել է արևի` 1887թ. խավարմանը հաջորդող օրերին: Արևին և լուսնին նվիրված ժողովրդական ավանդությունների իրար հաջորդող շարքում նախ պատմվում է, թե արեգակը ինչու է փակում իրեն նայողի աչքերը: Ապա գալիս է Արևի և Լուսնի խավարման մասին պատմությունը, որպես թե երբ դժոխքում գտնվող յոթգլխանի վիշապի կերը պակասում է, նա վեր է ելնում և փակում արևի ու լուսնի առաջը, որ լույսի և ջերմության պակասից մարդիկ կոտորվեն, որպեսզի նրանց ուտի: Աստված, սակայն նրան դարձյալ նետում է դժոխքը: Այս պատճառով արևի ու լուսնի խավարման ժամանակ կրակում են երկնային լուսատուների ուղղությամբ, որ վիշապին սպանեն:
Երրորդ ավանդությունը վերաբերում է լուսնի մակերեսի անհար-թությունների` իբրև թե խմորի շերտ լինելուն (Ե. Լալայան, Գանձակ, «Ազգագրական հանդես», գիրք Զ, Թիֆլիս, 1900, էջ 345-346):
(Ժողովրդական ավանդություն)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
1887 թ. օգոստոս
