Այս բանաստեղծության միջնադարյան ակունքների մասին Թ. Ավդալբեկյանը գրում է. «Սա միջնադարյան` ավելի եկեղեցական տաղերի օրինակով մտահղացված կարճոտնյա-յամբական, չորրորդ հատածի միաբառ երկարացումով հորինված բանաստեղծություն է…
Բնության` իբրև Արարչագործության լուսառատ պսակ ներկայացնող Հոգևոր երգերը իրենց նորընկալ դրսևորումներն են ստանում Թումանյանի վերջին ստեղծագործական փորձերում: Դրանք ավարտուն ու ձևավորված չեն, սակայն զարմանալիորեն ներդաշնակ են միջնադարյան երգերի և´ ընդհանուր նկարագրին, և´ մասնակի հնարանքներին: Բնության երկնային զարդերից մեկի` Արուսյակի ծագումն ու պարբերույթը մարդկային կյանքը խորհրդանշող շատ ընդհանրացված պատկեր է թե´ հոգևոր և թե´ աշխարհիկ տաղերի համար»:
Ն. Թումանյանը գրում է. «Առանձնապես սիրում էր Սիրիուսը և Արուսյակը, նրանց փայլն ու գույնը: Հաճախ մթնշաղին արթնացնում էր մեզ, որ մենք էլ տեսնենք Սիրիուսի հիասքանչ առկայծումը կամ Արուսյակի հրաշագեղ փայլը: Մենք էլ սիրեցինք աստղերը և ամեն մեկս մի աստղ էինք ընտրել մեզ համար. մեկս Արուսյակը, մյուսը` Սիրիուսը, Օրիոնը և այլն: Հայրիկի այդ ոգևորության արգասիքը եղան «Արուսյակ» և «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունները»:
I
Պայծառ
Ու վառ
Շողեր հագած
Անապակ,
II
Ո՛վ, թարմ, ուրախ,
Շաղաղ-շարմաղ
Պայծառ ու պաղ
Լո՜ւյս։
1922 թ.
