Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն, անշուշտ, աչքի առաջ է ունեցել Մատթեոսի Ավետարանի ԻԳ գլխում Քրիստոսի խոսքերն ընդդեմ դպիրների և փարիսեցիների: Բայց ավետարանական թեման բանաստեղծը մշակել է նորովի` արձագանքելով իր ժամանակի սոցիալական սուր խնդիրներին:
Բանաստեղծության առաջին արձագանքներից մեկը նշանավոր հայագետ «Արարատ» ամսագրի խմբագիր Գալուստ Տեր-Մկրտչյանի 1902 թ. փետրվարի 17-ին Թումանյանին հղած նամակն է, որտեղ, ի միջի այլոց, կարդում ենք. ««Արարատի» 1898 թվի հաստատված ծրագրով իրավունք չունեինք բանաստեղծություններ հրատարակել և ընդհանրապես ունենալ գրական բաժին: Բայց այս անգամ հաջողվեց Ձեր գեղեցիկ ոտանավորը տպել կրոնական բաժնում: Հատուկ խնդրում եմ և այսուհետև շարունակել աշխատակցել, աշխատելով վերնագրերը կրոնական բաժնի հարմար մի բան դնել»:
Այժըմ ես կըգամ, ասում է Աստված,
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
Չեմ թողնի նըրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։
Վա՛յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ` ասիք ձեր սըրտում –
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։
1902 թ.
