Ա. Պուշկինի «Вольность» (1817) բանաստեղծության այս քառատողը Թումանյանը թարգմանել է Ստ. Շահումյանի խնդրանքով` 1903 թ. մայիսի 1-ին:
Ժամանակակիցների վկայությամբ քառատողը տպագրվել և տարածվել է թռուցիկների ձևով: «1903 թվին,– պատմում է Սուրեն Երզնկյանը,– Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Բանվորական Կուսակցությունը որոշել էր կիրակի, ապրիլի 27-ին տոնել Մայիսի 1-ի օրը Բաքու, Թիֆլիս և Բաթում քաղաքներում միաժամանակ: Որոշված էր տպագրել և ցրել ռուսերեն, վրացերեն և հայերեն փոքրիկ թռուցիկներ` Պուշկինի չորստողյա հայտնի ոտանավորով... Մի խումբ հայագետ սոցիալ-դեմոկրատներ, լարելով բանաստեղծական իրանց ամբողջ հանճարը, փորձում էին թարգմանել այդ չորս տողը հայերեն, բայց ժողովված սոցիալ-դեմոկրատների գրչի տակից բանաստեղծություն դուրս չէր գալիս: Հանկարծ, հանգուցյալ Ստեփան Շահումյանը դուրս վազեց, թռավ Հովհաննես Թումանյանի մոտ և բերեց գողտրիկ թարգմանությունը...
Թռուցիկը պատրաստ էր: Եվ Հովհաննես Թումանյանն էլ հասավ իր մուրազին: Հեռավոր անցյալի այս էպիզոդը, որ վերհիշեց մոտերս Արշակ Զուրաբյանը ընկերական շրջանում, հիշեցինք մենք այսօր, երբ տոնվում է մայիսի 1-ը, երբ տոնվում է նույնպես Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակը»:
* * *
Ատում եմ քեզ և քո գահը.
Միահեծան գոռոզ ցար,
Եվ քո որդոց ու քո մահը
Պիտի տեսնեմ անպատճառ։
1903 թ.
