Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Մոլոր, մենակ ես շըրջում եմ
Ավերակում հայրենի,
Աչք եմ ածում ու հիշում եմ
Անցած կյանքը վաղեմի։
Է՜, այստեղ էլ ժամանակով
Շեն ու կենդան է եղել,
Ուրիշ օրով, ուրիշ կյանքով,
Ուրիշ մարդիկ են ապրել։
Ահա նըրանց տեղ-տըները
Լուռ-լուռ փոսեր ցիրուցան,
Ահա նըրանց շիրիմները,
Մամռոտ, անշուք, աննըշան
Ահա մեծի ապարանքը
Ու ամրոցը կիսավեր,
Ահա նըրանց խաղաղ վանքը,
Աղոթում է կարծես դեռ...
