Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1901-1902 թթ.-ին: «Անուշ» պոեմի հատվածներից է: Ըստ նախնական օրինակի` այսպես է սկսվում VIII երգը: Հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից: Այս հատվածի համար Թումանյանը նաև երաժշտություն է հորինել:
Ն. Թումանյանն իր հուշերում գրում է. «Հիշում եմ, այդ բլրի վրա ծառերի տակ հանգստանալիս երգում էր «Անուշից» մի կտոր, որի եղանակն էլ ինքն էր հորինել «Անուշը» գրելու ժամանակ:
Այս երգը կապվեց Բորժոմի հետ և հետագայում երգելիս միշտ հիշում էինք Բորժոմը և ասում` «Բորժոմի երգը»:
* * *
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա –
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
