Եկեղեցական ձևերի մեջ հեթանոսական այս սովորությունը եկեղեցական իշխանությունները թեև արգելեցին 19-րդ դարի վերջին, որն համընկավ Թումանյանի հիշյալ բանաստեղծության գրության ժամանակի հետ, սակայն այս արգելքը անտեսվում էր ժողովրդի սնահավատության, թե հանգուցյալի հոգին առանց այդ գանձի երկինք չէր գնա և քահանաների գանձագին անվանվող վարձը ստանալու պատճառով: Բորչալուի գավառի օրինակով Լալայանը գրում է. «Լալկան կանանց հեռացնելով դագաղը հանում են եկեղեցուց և դնում դռան առաջ: Այժմ էլ քահանան տիրացուների հետ սկսում է գանձ ասել, չնայելով որ վաղուց այս արգելված է»:
Ստ. Լիսիցյանը գրում է, որ ննջեցյալին եկեղեցուց գերեզման տանելիս քահանային երեք անգամ գանձ ասել էին տալիս և ամեն անգամ մեկական կոպեկ տալիս, որպես «գանձուց»:
* * *
Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար…
Իմ հայրենիքս տխուր է, տխուր…
Ուր աչք եմ դարձնում` տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ:
1890 մարտ
