Պ. Սիմոնյանը այս բանաստեղծության առթիվ գրում է. «Այս գրվածքը բովանդակում է Թիֆլիսի Կոնսիստորիայում Թումանյանի պաշտոնավարության հետ կապված տհաճ ու անհրապույր պարտականությունների նկարա-գրությունները, հոգեկան ապրումների անմիջական արտահայտութ-յունը: Ոտանավոր-նամակը հիշեցնում է «Պոետն ու Մուսան» պոեմը: Շատ հավանական է, որ սա հենց այդ պոեմի սկզբնական շրջանի սևագիր մտորումներն են, սևագիր հատվածներ, որ հետագայում հեղինակը մշակել է»: Նույն տեղում ոտանավորի գրության մասին ասվում է. «Ոտանավոր-նամակը գրված է Թումանյանի` Թիֆլիսի հոգևոր Կոնսիստորիայում գրա-գրի պաշտոն կատարելու շրջանում, այսինքն` 1890 թվականի հուլիսին, ինչպես երևում է Ան. Աբովյանին 1890 թվականի օգոստոսի 27-ին գրած նամակից, որտեղ գրված է. «Քեզ վրա անցյալ ամսին մի ոտանավոր-նամակ էի գրել, բայց կորցրել էի, այս օրերս գտա, պատռվել է, կարտագրեմ կուղարկեմ»:
Ոտանավորի «Ինձ ասում են, թե սարսաղ ես, //Որ չես ուզում տերտեր դառնալ» տողերով Թումանյանն ակնարկում է, թե ինչպես Հովհաննես ք. Մարտիրոսյանը, որի որդեգրուհին էր իր ապագա կինը` Օլգա (Մարիամ) Մաճկալյանը, իբրև նշանադրության պայման` պահանջում էր իրենից հետագայում ձեռնադրվել քահանա: Կնքվում և հաստատվում է մի պայմանագիր, որով Հովհ. Մարտիրոսյանը պարտավորվում էր նորապսակներին պահել իր մոտ և «խնամք տանել նոցա վերա և աշխատել մեր փեսա` հիշյալ Հովհաննես Թումանյանցին, հասցնել իր նպատակին, այն է` քահանայության սուրբ աստիճանին»: Իր հերթին նորափեսան պարտավորվում է «իբրև որդի միշտ հնազանդ լինել Հովհաննես քահանային»: Հարկադրական այդ պայմանն ընդունելով` բանաստեղծը երբեք չի համակերպվել քահանա դառնալու մտքի հետ: Այդ հարցի շուրջ ընտանեկան տհաճ վեճերը շարունակվում են, մինչև որ լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն: «1890 թվականին, երբ Օհանեսի գիրքը լույս տեսավ, մերոնք նոր հասկացան, որ սա բանաստեղծ է»,- հիշում է Օլգա Թումանյանը:
* * *
Այստեղ ահա ինչ են ասում,
Սիրելիդ իմ Անուշավան,
Ահա ինձնից ինչ են ուզում
(Որին, գիտես, ես չեմ հավան)։
(Սրանով էլ չեմ ասում թե
Այնքան էլ խելոք եմ ես,
Դե, այնքան որ, Աստված գիտե,
Ուղիղ գնում եմ ճամփես).
1890 թ. հուլիս
