Բենիամին Ցրտատարյանը Թումանյանի մասին գրած իր անտիպ հուշերում նկարագրում է 1904 թ. Թարգմանչաց տոնի հանդեսն Օշականում և վկայում. «Մեկ էլ կարծես հանկարծակի խորհրդավոր լռություն, շշուկ, իրարանցում… Սեղանի կառավարիչը հայտարարում է, որ Օշական է ժամանել հանրածանոթ բանաստեղծ Հովհ. Թումանյանը և որտեղ որ է կներկայանա մեր սեղանին»:
* * *
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում`
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։
Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։
1904 թ.
