Բրյուսովն այս բանաստեղծության իր թարգմանությունը կարդացել է 1916 թ. հունվարին հայոց բանաստեղծության մասին իր դասախոսության ժամանակ: Մանկական գրող և ուսուցիչ Գևորգ Մեսյանը (1883-1937) հիշում է, թե ինչ տպավորություն է թողել դա ներկաների վրա. «Դահլիճը լսում էր քարացած. հաջող էր թարգմանությունը: Բրյուսովը ոգևորված շեշտեց.
«Ни с места!»- воскликнул, палитра в руках,-
Старик чародей…
Դահլիճը լուռ էր: Վերջացրեց ոտանավորը. որոտաց դահլիճը ծափահարություններից: Բրյուսովը վեր կացավ տեղից և ձեռքը մեկնելով դեպի առաջին շարքում նստած Թումանյանը` ասաց հասարակությանը.
- Ему аплодируйте, вот он старик чародей.- Եվ ինքն էլ իր հերթին սկսեց ծափահարել Թումանյանին: Պետք էր տեսնել, թե ինչպիսի՜ հիացմունքի ժպիտ էր խաղում Բրյուսովի դեմքին…»:
Այժմ դժվար է կռահել, թե Այվազովսկու որ կտավը նկատի ունի Թումանյանը: Ավելի հավանական է թվում, թե բանաստեղծությունը գրվել է 1870-ական թվականներին` այսպես կոչված «Կապույտ ծովանկարներից» կամ 1880-1890-ական թթ. «Արծաթավուն ծովանկարներից» որևէ մեկի կամ մի քանիսի տպավորության տակ:
Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։
«Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։
1893 թ.
