Գրության առիթը, ամենայն հավանականությամբ, Խորեն եպիսկոպոս Նար-Պեյի քարոզներն են Թիֆլիսում 1890 թ. սեպտեմբերի վերջերին: Դրանք երիտասարդ Թումանյանի վրա տհաճ տպավորություն են թողել, որի մասին գրում է Ան. Աբովյանին. «Հռչակավոր Խորեն Նարպեյն այստեղ է. անիծվի դա իրան հռչակովը. քարոզ խոսաց, պատարագ արավ, զահլեներս տարավ: Հիմա էլ հետ է ընկել, որ կիրակի օրը խոսա (գոնե մեզ խղճար), որ ցույց տա, թե անցյալ անգամ հիվանդ էր, թե չէ… Ասում է «էս չեղավ, մի ուրիշը բերեք» (երեխա մկրտող քահանայի առակը)»: Այնուամենայնիվ Թումանյանը, իբրև կոնսիստորիայի ծառայող, եպիսկոպոսի քարոզների մասին, ինչպես տեղեկացնում է նույն նամակում, պաշտոնական լուր է ուղարկում «Նոր-Դարին»:
Հեռացրեք նրան Աստծո սեղանից,
Որ չապականե մեր սրբությունը,
Ազատ պահեցեք անսուրբ բերանից
Վարդանի պաշտած Աստծո անունը:
Ավարարությամբ զորացած բազկով
Թո՛ղ նա չըկրե մականը Մեծի
Եվ շահախնդիր, կաշառված խոսքով
Կանգնի քարոզիչ փրկության գործի:
1890 թ. հոկտեմբերի 18
