Իզմիրլյանի անունը կապված է հայ ժողովրդի տագնապալի օրերի պատմության հետ։
Համիդյան հալածանքների ու կոտորածների արյունոտ պատկերի հետ միասին, «Հայկական սարսափներ» կոչված դժոխքի կարմիր լույսի տակ՝ մարդու հիշողության մեջ բարձրանում է նրա ազնիվ ճակատը, կնճռոտ ու տխուր, սակայն բաց ու անվեհեր կանգնած այդ ամենի դեմ, որպես մի մաքուր մարմարյա աշտարակ, մի հզոր պատնեշ աշխարհավեր մրրկի դեմ կեցած հաստատուն։ Եվ ամեն կողմից ահաբեկված ժողովուրդը նրան էր հառած իր սգավոր աչքերը, նրան տեսնելով, խորտակված սրտերը լցվում էին նորից ապրելու հույսերով։
Մարդիկ կան, որոնց միմիայն սոսկ գոյությունը, ներկայությունն ավելի շատ գործ է տեսնում, քան թե հազարավորների գործը։ Այդպիսի դեմքեր էին վերջերս հայոց ժողովրդի մեջ Խրիմյանն ու Իզմիրլյանը։ Խրիմյանը իր անձի հոյակապ մեծությամբ, Իզմիրլյանն իր արտասովոր ազնվությամբ։
Բոլորանվեր սիրով նվիրված իր ժողովրդին, ուր էլ երևում, իր հետ տանում էր ազնվություն և հանդիսանում էր ազնիվ քարոզիչ, ազնիվ գործիչ, ազնիվ պատրիարք, ազնիվ մարտնչող, ազնիվ հովվապետ — մի խոսքով ազնիվ մարդ։ Ամենադժարն ու ամենաբարձրը, ինչ որ կարող է լինել մարդ-արարածը։ Եվ այս տեսակետից նա արժանի է առանձին հիացմունքի։ Ինչպես ամեն ժողովրդի մեջ, այնպես էլ մեր ժողովրդի մեջ հազվագյուտ են այսպիսի ազնիվ դեմքեր։ Այո՛, հայ ժողովուրդը տվել է և կտա շատ խելոք մարդիկ, քաջ մարդիկ, տաղանդավոր մարդիկ, բայց անպայման ազնիվ մարդիկ դժար են երևում։ Եվ այսօր գերեզման դնելով Իզմիրլյանին, մենք գերեզման ենք դնում այդպիսի մի հազվագյուտ ազնիվ դեմք։
