Թումանյանը, որպես «Մուրճ» ամսագրի ներկայացուցիչ, այս բանաստեղծությունը կարդացել է վրաց բանաստեղծ Ն. Բարաթաշվիլու աճյունը Գանձակից Թիֆլիս տեղափոխելու առթիվ Թիֆլիսում կազմակերպված սգո միտինգին: Նույն սգո հանդեսում բանաստեղծության վրացերեն թարգմանությունը կարդացել է կարգադրիչ հանձնաժողովի անդամ Ախնազարովը:
Մխիթարությո՜ւն, սգավոր Վրաստան,
Ինչո՞ւ է տխրել դեմքըդ այրական.
Շարժված աճյունը հանգած պոետի
Շարժե՞ց վերստին ցավը քո սրտի,
Թե՞ նորա մըթին գերեզմանը խոր
Որբ հոգուդ համար շատ է ահավոր...
Կըթաղես, այո՛, դարձյալ քո երգչին,
Բայց նորա վառած զգացմունքներին
Չըկա գերեզման և ոչ էլ վախճան.
Նրանք կենդանի կըմնան հավիտյան,
Եվ դու նրանցով պիտի մի այլ օր
Թաղես քեզ մաշող ցավերը բոլոր։
1893 թ. ապրիլի 25
