Արաբացոց արշավանքներից հետո Մամիկոնյաններն էլ չեն երևում պատերազմների դաշտերում, և այնուհետև պատմությունը նրանց այնքան սակավ է հիշատակում, որ տեղիք է տալիս կարծելու, թե նրանք վերջացան։ Նրանց երբեմն որոնում էին Տարոնում և կարծում էին, թե Մանգցի կոչված քրդերն են լինելու նրանց սերունդները։ Բայց ստույգն այն է, որ նրանք, թե նրանցից միայն մի հատված, ԺԱ դարում եկավ բնակություն հաստատեց Լոռու լեռներում — Դսեղ ավանում։ Նրանք իրանց հետ բերին իրանց ավանդությունները, որ տակավին ժողովրդի բերանում մնում են ու խոսվում, նրանք բերին իրանց տան սրբությունը — Ս. Լուսավորչի մասը և ընծայեցին Սանահնի վանքին, այնտեղից էլ հանեցին տվին Հաղպատին. նրանք ճանապարհներ շինեցին այդ ահռելի ձորերում, կամուրջներ կառուցին «գիժ» Ձորագետի վրա, հուշարձաններ ու աղոթատուներ կանգնեցին, և այդ բոլորը դեռ մնում են Դսեղա ձորերում, սարերում ու անտառներում։ Որ կողմը դառնաս, որ կողմը նայես՝ ամեն մի նշան ցույց Է տալիս նրանց հետքը, ամեն արձան նրանց մասին է խոսում։
Ընթերցել ամբողջությամբ →
