Թումանյանը Բայրոնի ստեղծագործությամբ հափշտակված է եղել 1890-ական թթ.: Գևորգ Ասատուրը վկայում է, թե այդ տարիներին նա «անգլերեն դասեր էր վերցնում Թիֆլիսի անգլիական փոխ-հյուպատոս Մուրտագից: Թե որքան առաջադիմեց նա այդ ասպարեզում չգիտեմ, բայց գիտեմ, որ նա անգլերեն էր սովորում, որպեսզի կարողանա «Շիլյոնի կալանավորը» անմիջապես բնագրից թարգմանել» :
1895 թ. մարտի 21-ին Ավ. Արասխանյանին գրած նամակում բանաստեղծը վերհիշում է 1893 թ. աշնան դեպքերը, որոնք ստիպել են իրեն հեռանալ «Մուրճ»-ից, մասնավորապես` թե ինչպես Արասխանյանը մերժել է տպագրել «Բորչալվում» ակնարկը` ասելով. «Դուք իբրև հոդվածագիր հայտնի չեք, «Շիլյոնի կալանավորը» տվեք»: Այստեղից պարզվում է, որ Մճ-ում տպագրելու համար Արասխանյանը «Շիլյոնի կալանավորի» թարգմանությունը Թումանյանից խնդրել է դեռևս 1893 թ. աշնանը: Սակայն Թումանյանը Բայրոնի պոեմը թարգմանել է 1895 թ. և նույն ժամանակ էլ գրել այս ձոնը:
Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ,
Ազատությունը կաշկանդող շըղթան
Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։
Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք
Եվ ողջ աշխարհը` լայնարձակ մի բանտ...
Ահա տանջանքի աշխարքում բընիկ
Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
Եվ արտասվում են քո անմահ երգում,
Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։
1895 թ.
