Պոլսի Բերայի ս. Երրորդության եկեղեցում միտինգ կազմելով մեր տաճկահայ եղբայրները բարձրացրել են իրենց եղբայրական ձայնը բողոքելու Կովկասում կատարվող բանտարկությունների համար, էս ամենը համարելով հալածանք հայ ցեղի դեմ։ Եվ մենք մնացել ենք ցավի մեջ։
Եվ ո՞րն է ցավը. էն, որ մենք, ռուսահայերս, այժմ շնորհակալ ու երախտապարտ լինելու փոխարեն ստիպված ենք էսպես պատասխանելու նրանց եղբայրական ցույցերին․
Պոլսահայ միտինգավոր եղբայրներ․ աղաչում ենք ազատեցեք մեզ ձեր եղբայրական զգացմունքների էդքան բուռն արտահայտություններից։ Դուք, անշուշտ, լսել եք, որ միտինգներ են անում ու բողոքում հայերի վրա կատարած բռնության դեմ, բայց էդ միտինգները լինում են ուրիշ երկրներում և բացառապես Տաճկաստանի դեմ, որ հալածում է ձեզ։ Էդպես է եղել մինչև ձեր էսօրվան միտինգը։ Եվ հենց այժմ էլ մենք Ռուսաստանում դեռ չենք վերջացրել ձեզանում եղած կոտորածների ու թալանվածների օգտին սկսած հանգանակությունը, իսկ դուք արդեն էնքան եք ձեռաց երջանկացել, որ մոռացել եք միանգամայն և ձեր, և մեր պատմությունը նույնիսկ մինչև ձեր միտինգի օրը։ Ճառախոս եղբայրներ, ժողովուրդների պատմությունները պրոժեկտորի պատկերներ չեն, որ հանկարծ մի պատկերն էն կողմը շպրտես, մյուսը դնես տեղն ու հրճվես։ Ով էս տեսակ ֆոկուսների հավատում է, իհարկե, նա շատ հեշտ կերջանկանա ու միտինգներ էլ կանի ճառեր ասելու, իսկ ճառերը ընդունակ են միայն հարբեցնելու, և հարբած դրությունը մի շատ ցավալի դրություն է մարդու համար, և մանավանդ, մի ժողովրդի համար, որ էնքան կարիք ունի զգաստ լինելու։
Ընթերցել ամբողջությամբ →
