Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11): Ժողովրդական երգի 40 տողից Թումանյանն ընտրել է 14-ը, հյուսել միմյանց, փոխել բարբառային լեզուն և «Ճախարակի երգ» վերնագիրը` ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն:
Ինչպես նշում է Է. Ջրբաշյանը, այս բանաստեղծության վրա իր ազդեցությունն է թողել նաև Աղայանի 1882 թ. գրած «Ճախարակը»: Համեմատելով երկու բանաստեղծությունները` Ջրբաշյանը գրում է. «Թումանյանն ավելի խորացված և ընդհանրացված ձևով է արտահայտում համանման «բանաստեղծական իրադրության» հիմնական տարրերը: Երկուսի մեջ էլ պատմողի դերում հանդես է գալիս ճախարակի վրա աշխատող ու երգող գեղջկուհին: Մի դեպքում չորս անգամ հնչում է «Մանի´ր, մանի´ր, ի´մ ճախարակ» կրկներգը, մյուսի մեջ երկու անգամ` «Մանի´, մանի´ ճախարակ» տողը: Երկու երգերի մեջ էլ գեղջկուհին այրի է, նրա ուսերին ընկել է որբ երեխաների ծանր հոգսը»:
Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով։
Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։
1908 թ.
