Այսօր Իզմիրլյանի բաց շիրմի առջև իմ սրտի, իմ խղճմտանքի վրա ծանրանում է մի խորը վիշտ, մի ճնշող գիտակցություն, որ մի բառով կարող եմ արտահայտել, և հենց այդ բառն է, որ գրել եմ հոդվածիս գլխին—չպաշտպանեցինք։
Իր աքսորավայրից ընտրեցինք ազգի ընդհանուրության կամքով ու ձայնով և հրավիրեցինք Ամենայն Հայոց Հայրապետության։ Նա եկավ օվսաննաներով ու կեցցեներով։ Եկավ մաքուր, շիտակ բնավորությամբ, ազնիվ ցանկություններով, մեղմ ու բարի, լիքը իր ժողովրդին ծառայելու ամենաանկեղծ զգացմունքներով։ Եկավ մեր երկրին, մեր գործերին, մեր մարդկանց անծանոթ, մեր մեջը պանդուխտ ու մենակ։ Մենք ամենքս գտանք, որ Լուսավորչի գահի վրա այնքան վայելուչ էր նա ու արժանավոր։ Բայց ի՞նչ. հանդեսները վերջացան, հանդիսականները ցրվեցին իրենց տեղերը ու նա մնաց մենակ ծանր հոգսերի հետ, դավադիրների դավերի մեջ, անզուսպ ու անպատկառ մարդկանց անընդհատ տեղացող քարերի տակ, մարդկանց, որ երբեք չքաշվեցին ոչ նրա անձի մաքրությունից ու կոչումի վեհությունից, ոչ էլ այն հանգամանքից, որ այդ քարերը գնում էին միաժամանակ նրան ընտրող մի ամբողջ ժողովրդի դեմ։
Ընթերցել ամբողջությամբ →
