Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1887-1892 թթ.-ին: Հիշեցնում է «Չարամիտներին», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Մարգարե», «Ազդ» բանաստեղծությունները, որոնք գրված են բանաստեղծի` Կոնսիստորիայում ծառայելու տարիներին (1887-1892 թթ.): Թվում է` օրգանական շարունակությունն է 1890 թ. մայիսի 20-ին գրված «Չարամիտներին» բանաստեղծության և պետք է գրված լինի նույն օրերին:
Վերը հիշատակված բանաստեղծությունների մասին ժամանակակիցները վկայում են, որ ուղղված են բարձրաստիճան հոգևորականների և նրանց արբանյակների դեմ, և ժամանակին բանաստեղծը կարդացել է ընկերական նեղ շրջանում:
Հայտնի եզվիտներ, ի՞նչ եք աղմկում.
Այո՛, սաստիկ է ձեր աչքը ծակում
Հայ ժողովրդի կյանքի նորավառ
Պարզ արշալույսի ճաճանչը պայծառ.
Բայց ի՞նչ եք գոռում, ինչո՞ւ եք փրփրել,
Իզո՜ւր, դժվար է այլևս խաբել
Սուտ երդումներով հավատարմության,
Կեղծ գովեստներով պաշտելի անվան։
