Թիֆլիսի առաջին արական գիմնազիայի 5-րդ դասատան մի աշակերտ դաշույնով սպանել է իր ուսուցչին։ Ինչո՞ւ․ որովհետև, ինչպես ինքն է առարկել ոստիկանատանը, ուսուցիչը 2 է դրել, որ կարող էր նրան դասարանում թողնել։ Բայց այդ ինչուն թող ոստիկանությունը հարցնի, իսկ մենք ասում ենք, ինչ ուզում է լինի դրդապատճառը, չի կարող արդարացնել մարդասպանությունը, չի կարող գոհացում տալ մարդկային խղճմտանքի բողոքին և մենք ամենից առաջ դատապարտում ենք անպայման, որովհետև կատարվել է մարդասպանություն։
Ամեն սպանություն քստմնելի է ու գազանական գործ, բայց մանավանդ զարհուրելի է տեսնել դաշույնը աշակերտի ձեռքին՝ ներկված ուսուցչի արյունով։ Այս պատկերը արդեն չափազանց ուժգին է ցնցում նույնիսկ մեր բարբարոսական տեսարանների ընտելացած ուղեղը, այս դեպքը դուրս է գալիս իր նեղ դպրոցական շրջանակից ու շատ խորն է տանում մեր սարսափած միտքը։ Այդ պատանի-աշակերտ մեղադրյալը, սպանչի խանչալը ձեռքին, մի ծանր դատապարտություն է մեր ամբողջ կյանքին, մեր կոշտ ու կոպիտ սրտերին, մեր վարք ու բարքերին ու ադաթներին։ Սա գոռում է մինչև երկինք, թե փչացած է մեր մարդը, մեր ընտանիքը, մեր դպրոցը, մեր հասարակությունը, և փչացած է ներսից, մինչև հոգու խորքը, մինչև ուղեղի ծուծը։ Սա վկայում է, որ մենք քաղաքակրթված ենք միմիայն շորերով, լուսավորված ենք միմիայն վկայականներով, և ոճիրի պատասխանը պետք է տա մեր ամբողջությունը, որովհետև ծառիցն է ընկել պտուղը։
Ընթերցել ամբողջությամբ →
