«Դեպի Անհունը» Թումանյանը մտահղացել և սկսել է գրել 1890-ական թթ. առաջին կեսին:
Սկզբնապես Թումանյանն իր այս պոեմը ծրագրել էր իբրև մի ստեղծագործություն, որի մեջ պիտի ցուցադրվեր և քննադատվեր նահապետական աշխարհի հետամնաց բարքերի ու պատկերացումների մի կոնկրետ դրսևորումը` լեթարգիկ քնի մեջ ընկած մարդկանց մահացած համարելու և կենդանի թաղելու սոսկալի երևույթը: Դա երևում է ինչպես պոեմի նախնական վերնագրերից ու սևագիր հատվածներից, այնպես էլ ժամանակակիցների հուշերից: Այդ մասին են խոսում նաև պոեմի հետ կապված այն գրառումները, որոնց մեջ հիշատակվում են Լոռու գյուղերում տարբեր ժամանակ սխալմամբ կենդանի թաղված մարդկանց անունները, դեպքի տեղն ու թվականը (տե՛ս տարբերակների բաժնում): Ժամանակագրական առումով այդ դեպքերը վերաբերում են անցյալ դարի երկրորդ կեսին և հասնում են մինչև 1900 թվականը:
Ինչպես մի զրույցի ժամանակ հիշել է Թումանյանը, «Դեպի Անհունի» առաջին տարբերակը («Ճերմակ աղավնի» վերնագրով) ինքը գրել է բանաստեղծական բարձր ոգևորության հոգեվիճակում, «1894 թվին, Նորաշենի փողոցում, Տեր-Ղևոնդյանի տանը..., մի եռոտանի, հին, կոտրած սեղանի վրա» :
Դարավերջին Թումանյանն իր պոեմը կարդացել է շատերի մոտ` ցանկանալով իմանալ նրանց տպավորությունն ու կարծիքը: Ավ. Իսահակյանը հիշում է, որ ինքը պոեմի հետ ծանոթացել է 1898 թ. սկզբներին, երբ Օդեսա աքսորվելու ճանապարհին կանգ է առել Թիֆլիսում և եղել է Թումանյանի տանը. «Երբ մնացինք մենակ, Օհաննեսը կարդաց «Դեպի Անհունը» պոեմը, որ վաղուց էր գրել, հիմա վերամշակել էր, տակավին ոչ վերջնականապես: Ասում էր, որ պոեմի նյութը վավերական է, ճշգրիտ իրողություն: Պոեմն ինձ վրա տպավորություն թողեց: Անհանգիստ գիշեր ապրեցի: Երևակայությունս հուզված էր և անհեթեթ երազներ տեսա: Առավոտյան երազներս պատմեցի Օհաննեսին: Նա էլ թե` «Սա լավ նշան է, որ պոեմս ազդեցություն է թողնում, բայց իմ պոեզիայի ոճին չի բռնում: Խորթ զավակ է այս պոեմն ինձ համար, նյութն էլ, գրելաձևն էլ: Բայց թող լինի, իմանան, որ ֆոլկլորից դուրս էլ կարող եմ բան գրել»: Այս միամիտ բացատրությունը շատ զվարճացրեց ինձ:
I
Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում...
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՜, չե՛ս կարող...
Չէի կարենում բըռնել ես նըրան։
Ճերմակին տալով` ծառերի ետև
Ծածկըվում էր նա աչքես անգուման*,
Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՛, չե՛ս կարող...
Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան։ Հանկարծ նա ճըչաց,
Ձեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա՜վ, գընա՜ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում...
