Աշխեն Թումանյանի ձեռքով արտագրված մեկ օրինակը վերնագրված է` «Ն. Վ. Բ.-ին»:
Տիկ. Բյուլմերինգի և քառյակի ստեղծման մասին Սոֆյա Դանիել-Բեկն իր հուշերում գրում է. «Թումանյանի հիվանդության սկիզբն էր, երբ պատերազմը վերջացավ. սահմանները բացվեցին. արտասահման պետք է մեկներ մեր ընդհանուր ծանոթներից մեկը, տիկին Բյուլմերինգ-Ակիմյանը, կրթական մեծ պաշարով մի անձնավորություն: Տիկինը թեև հայերենին չէր տիրապետում, բայց հետաքրքրվում էր հայ գրականությամբ, մասնավորապես Թումանյանի ստեղծագործությամբ: Նա աջակցել էր նաև Շանթի «Հին աստվածների» թարգմանությանը գերմաներենի, որը մտադիր էր բեմադրելու Բեռլինում: Թիֆլիսի ինտերնացիոնալ հասարակության մի շրջան` ռուսներ, վրացիներ, գերմանացիներ, հայեր, բարի երթի երեկույթով պատվեցին տիկնոջը: Հ. Թումանյանը արդեն հիվանդ էր. չկարողացավ ներկա լինել երեկույթին, բայց մի ուշագրավ ուղերձ ուղարկեց տիկնոջը... Ոտանավորը կարդացվեց, իսկույն թարգմանվեց ռուսերենի և մեծ տպավորություն գործեց»:
* * *
Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես
ձևանում.
Ու չես ասում` մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես դուրս
տանում:
Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ գոհար
երազներ...
Թե իմանան` քեզ կբռնեն մեր աշխարհքի սահմանում:
1920 թ. մայիսի 16
