Այս և «Պանդուխտ եմ, քույրիկ, մանուկ օրերից» բանաստեղծությունների առիթով նամակագրական զրույց է տեղի ունեցել բանաստեղծի և Փ. Վարդազարյանի միջև: Վարդազարյանը, որ այդ ժամանակ գրում էր «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան» գրքույկը (լույս է տեսել 1905 թ. Թիֆլիսում), 1904 թ. աշնանը նամակներով մի քանի հարցեր է տվել բանաստեղծին` նկատի ունենալով նրա այս երկու բանաստեղծությունները: Թումանյանն այդ հարցերին պատասխանել է օգոստոսի 7-ին և 18-ին գրած նամակներում Սրանցում նա վերլուծության է ենթարկում իր երկու բանաստեղծությունները` կատարելով իր համար անսովոր «ինքնադատության փորձ»: «Դու քո ճամփե՛ն գընա, քույրիկ» բանաստեղծության մասին նա Փ. Վարդազարյանին գրում է. «Վտանգավոր տեղ ես ընկել: Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունեն, պատմություն ունեն իրենց ետևը: Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին»: Այնուհետև նա ներկայացնում է սիրո և «արտաքին աշխարհի» փոխհարաբերության իր ըմբռնումը` հայտնելով այն միտքը, թե իսկական բանաստեղծությունը կարող է ծնվել միայն անկեղծ ու խոր զգացումից և ոչ երբեք սոսկ այս կամ այն գաղափարի ազդեցությամբ: Գրականագիտությունը պարզել է, որ այս երկու բանաստեղծությունների գրության առիթը Թումանյանի և Վարյա Խանդամիրյանի:
Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ,
Եվ թող լինի նա պայծառ։
Ինձ մի՛ ժըպտա, ինձ մի՛ սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար։
Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։
1902 թ. ապրիլի 29
