Գրված է Թիֆլիսում, մի խնջույքի ժամանակ:
Թումանյանի ստեղծագործական հոգեբանության մեջ ամենուրեք ծխացող այս թախիծը նոր չէ, որ արտահայտվում է նրա քնարերգության մեջ: Դրա վկայություններից է, օրինակ, դեռևս 1899 թ. գրված հայտնի ալբոմային երկտողը:
Էլ չեմ կարող գրել ձեռաց,
Սիրտս վաղուց է մեռած…
Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք կռվել ես ու իմ մուսան,
Նրանից հետո էլ չեմ կարող ես
Սահուն ու ձեռաց հորինել էնպես։
Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք ջոկվել ես ու իմ մուսան,
Ես եկա դեպի աղմուկներն անվերջ,
Քեֆեր ու ճառեր, ժողովներ ու վեճ,
Դարձա թամադա ու քաղաքագետ...
Իսկ նա ինձանից հեռացավ անհետ...
Ասում են, իբրև, թափառում է նա
Բյուրակնյան ծաղկոտ սարերի վրա.
Ու չի մոռացել, դեռ հիշում է ինձ,
Տանջվում է, մաշվում սիրուց, կարոտից։
1915 թ. մարտ
