Ա. Պուշկինի «Зимний вечер» (1825) բանաստեղծության թարգմանությունն է:
Հայտնի է Թումանյանի հատուկ սերը Պուշկինի պոեզիայի և հատկա-պես «Зимний вечер» ստեղծագործության նկատմամբ, որ նա համարում էր «գոհար ռուս գրականության մեջ»: «...Պուշկինը մեծ բանաստեղծ է,– ասել է նա,– խոշոր, հոյակապ բանաստեղծ. նուրբ հոտառություն ունի և գեղեցիկ ճաշակ: Սիրում եմ կարդալ նրա պոեմները – «Полтава», «Кавказский пленник», «Цыгане» և մյուսները, բայց նրա գրվածքներից գիտե՞ք որն եմ ամենից շատ սիրում, իսկի չեք կարող երևակայել.– «Зимний вечер»-ը: Սիրում եմ էդ բանը, որովհետև գերազանցորեն ռուսական է, շատ է սիրուն ու հաջող»:
1912 թ. Թումանյանը Պետերբուրգում ծանոթացել է ռուս բանաստեղծ Կորոլենկոյի հետ: Վերջինս հարցրել է բանաստեղծին, թե Պուշկինի գրվածքներից ո՞րն է նրա վրա ուժեղ տպավորություն գործել: Այս առիթով Թումանյանը պատմել է. «Նա երևի կարծում էր` ես Պուշկինի խոշոր գործերից մեկի անունը կտամ: Երբ որ ասի «Зимний вечер»-ը` շատ զարմացավ. ձեռնափայտը խփեց գետնին և ասաց. «Գիտե՞ք, Դուք իրավացի եք...»:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։
Մեր խըրճիթը աղքատ ու հին,
Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
― Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։
1909 թ.
