Արդեն հայտնի էր, որ Վեհի վերջին վրդովմունքը ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա։
Դժբախտաբար նոր տեղեկությունները գալիս են հաստատելու, որ, հիրավի, թունավորված են եղել հայոց եկեղեցու պետի վերջին օրերը։ Թե ով է վրդովել, այդ հետո կպարզվի և երկրորդական է մեզ համար, բայց թե ի՞նչն է պատճառը, սա է գլխավոր հարցը։
Ծանր է այս հարցի պատասխանը։
Ծանր է, բայց պետք է տանք վերջապես։ Եվ ահա այդ պատասխանը։
Անձնականն է պատճառը։
Այս պատասխանի մեջն է Էջմիածնի միաբանության հավիտենական անմիաբանության պատմությունը, այս պատասխանի մեջն է հայոց եկեղեցու և նրա հետ կապված շատ գործերի ձախորդության գաղտնիքը, և ահա այս դաժան ձայնը այսօր էլ համատարած հայոց եկեղեցիների սգավոր ղողանջների հետ խառը գալիս է բացատրելու հայոց հայրապետի տանջանքն ու թերևս և մահը։
Պատմությունն ասում է, իրականությունը ցույց է տալիս, որ Էջմիածնի մթնոլորտում ամեն գործերի մեջ ամենաուժեղ դրդապատճառը եղել է և է անձնականը։ Այդ մթնոլորտում միշտ էլ անպակաս են եղել մարդիկ, որ առաջնորդել ու առաջնորդվել են միմիայն անձնականով, սակայն միշտ էլ, «հայ ժողովրդի օգտի ու հայոց առաքելական եկեղեցու փառքի» անունով։ Եվ չափ ու սահման չեն ճանաչել այդ մարդիկ երբե՜ք, երբե՜ք, երբե՜ք։
Ընթերցել ամբողջությամբ →
