Հովնանյան դպրոցի հոգաբարձությունը արձակված ուսուցչական կազմից 16 հոգու հրավիրում է վերստին պաշտոնի և այժմ հարց է առաջ գալի, թե ինչո՞վ պետք է վերջանա խնդիրը, որ էսքան մեծ աղմուկ հանեց։
Արդյոք բարոյական իրավունք ունե՞ն 16 հոգին իրենց ղրկած հրավերներն ընդունելու։
Մենք կարծում ենք չունեն, մինչև որ հոգաբարձությունը և նոր տեսուչ պ. Մալխասյանը բավարարություն չտան վիրավորված խմբին ու չբացատրեն մյուսներին չհրավիրելու պատճառները։ Բարոյական իրավունք չունեն հայ ուսուցչի դատի, իրենց կոչման ու ընկերների առաջ և, մանավանդ, էն բոլոր ուսուցչական կազմերի, ուսուցիչների ու հասարակության առաջ, որ տակավին շարունակում են եռանդուն բողոքել ու ամեն տեղից բողոքելով ցույց տալ, թե դա Հովնանյան դպրոցի մասնավոր խնդիրը չի։ Հովնանյան դպրոցի դեպքը առիթ եղավ միայն հրապարակ հանելու մի ընդհանուր, խոշոր խնդիր։ Ոմանք հարց են տալի, թե ինչո՞ւ հենց Հովնանյան դպրոցի և էս հոգաբարձության օրով բարձրացավ բողոքը։ Կարճամիտ հարց։ Կարծես ինչ դպրոցի և ինչ ուսուցչական կազմի ու հոգաբարձության հետ էլ պատահեր, չէր կարելի դարձյալ բացականչել—ինչո՞ւ հենց սրանց հետ պատահեց, չէ՞ որ առաջ էլ է եղել, ո՞րտեղ էիք, և նման առարկություններ։
Ընթերցել ամբողջությամբ →
